Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին 5.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,4 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 2.9 տոկոսով` կազմելով 114 մլրդ 269.6 մլն դրամ:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-ապրիլին ցուցանիշը 4,4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-ապրիլի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10,1 տոկոսով` կազմելով 409 մլրդ 32.3 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-ապրիլին ավելացել է 0,1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.3 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.1 տոկոսով և կազմել 685 մլրդ 872.9 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը`485 միլիարդ 494.2 միլիոն դրամ, 12.9 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-ապրիլի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.3 տոկոսով (187 հազար 153 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար 865 դրամ` նվազելով 0.3 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 131 դրամ` աճելով 3.2 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են 15.1 տոկոսով (1 մլրդ 689 մլն ԱՄՆ դոլար), ըն դ որում` արտահանումն աճել է 16.1 տոկոսով (608.4 մլն դոլար), իսկ ներմուծումը` 14.6 տոկոսով (1 մլրդ 80.6 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար- ապրիլին եղել է 485.62:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս