Վալվերդեն կմարզի «Բարսելոնան». իսպանական մամուլը համոզված է
Կատոլանական «Բարսելոնայում» սպասում են թիմի նոր գլխավոր մարզչին: Այն բանից հետո, երբ Լուիս Էնրիկեն հայտարարեց, որ ամռանն արդեն չի գլխավորի կատալոնական ակումբը, սկսվեցին քննարկումները:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար շոշափվում են մի շարք անուններ, որտեղ քիչ չեն նաև նշանավորները:
Սակայն իսպանական մամուլն այսօր գրել է, որ ֆուտբոլիստների զգալի մասը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Էռնեստո Վալվերդեին, ով Բիլբաոյի «Ատլետիկի» մարզիչն է:
Ըստ Marca-ի՝ շատ ֆուտբոլիստներ ոգևորվել են՝ լսելով այն նորությունը, որ Վալվերդեն կարող է գլխավորել թիմը: Թիմում չկա մեկ ֆուտբոլիստ, որ դժգոհ լինի այս հավանական նշանակումից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական ակումբը մայիսի 29-ին կհայտարարի գլխավոր մարզչի անունը: Դրանից երկու օր առաջ կատալոնացիները կփորձեն հաղթել թագավորական գավաթը:
Այս խոսակցություններին զուգահեռ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն էլ նշել է, որ վստահաբար չի գլխավոր բասկյան ակումբը մյուս մրցաշրջանում:
Վալվերդեն, սակայն, նշել է, որ թիմից հեռանալու որոշումը կապված չէ որևէ առաջարկի հետ. ինքը դա որոշել էր ամիսներ առաջ, սակայն չէր հայտարարում, որպեսզի չկոտրի թիմի ոգին:
Իսպանական մամուլում գրեթե համոզված են, որ մայիսի 29-ին հնչելու է հենց Վալվերդեի անունը՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ:
Սիրարփի Աղաբաբյան