Զարուհի Փոստանջյանը 5-10 հազար դրամ ընտրակաշառքը համեմատեց մահապատժից առաջ ընթրիքի հետ

«Քարոզարշավի ընթացքում մեր հիմնական թիրախն օգտագործում է վարչական ռեսուրսները, այդ թվում` կրթական օջախները, որտեղ ժողովներ են անցկացվում և փորձում են ուսուցիչների միջոցով մարդկանց հավաքագրել, որպեսզի հետագայում նաև ընտրակաշառք բաժանելու միջոցով ձայներ հավաքեն: Բայց դա էական չէ: Մենք գիտենք նաև, որ իրենք կարող են օգտագործել ուռճացված ցուցակները, որտեղ մեկ մարդու լուսանկարով տարբեր անուններով մարդիկ են ներգրավված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ ամփոփելով քարոզարշավի ընթացքը:

Նա կոչ արեց կողմնորոշվել և դեմ քվեարկել կեղծարարությանը: Զ.Փոստանջյանն այդ 5-10 հազար դրամ ընտրակաշառքը համեմատեց մահապատժից առաջ ընթրիքի հետ: Ըստ Փոստանջյանի` ընտրողները պետք է հրաժարվեն դրանից, դեմ գնան նրանց, ովքեր դրդում են իրենց ընտրակաշառքի. «Այդ դեպքում հսկայածավալ փոփոխություններ են սպասվում»:

Զ.Փոստանջյանի խոսքով` քաղաքապետարանի աշխատակիցներն օգտագործում են իրենց ռեսուրսները, այդ թվում` սոցիալական ծրագրերը, և սպառնում կտրել նպաստից, կրթաթոշակից, և այլն: Զ.Փոստանջյանը նշեց, որ իրենք առաջարկում են համակարգային փոփոխություն, պետք է ստեղծվեն աշխատատեղեր, որ գոյություն ունեցող աշխատատեղերը չվերանան, խոշոր բիզնեսը չկլանի ՓՄՁ գործառույթները, ինչպես եղել է մինչ օրս.

«Այս պահի դրությամբ 1 մլն մարդ աղքատության եզրին է, և քաղաքականությունը չփոխելու դեպքում սոցիալական ապահով շերտ չես կարող ունենալ»:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ տարեցտարի Երևանի բյուջեն յուրացնելու ախորժակը մեծացել է: Նա նշեց, որ շատ զգացված է, որ իրեն գնահատում են կանայք.

«Մեր ընտրողները հասարակության բոլոր շերտերն են ներկայացնում: Նաև բոլոր նրանց, ովքեր աշխատում են Երևանի քաղաքապետարանում ու թաղապետարաններում, մեր կողմից լինելու է հարգալից վերաբերմունք և կադրային ջարդ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում լինել մասնագետ և ունենալ երկար տարիների փորձ: Բոլոր մասնագետները պահանջված են ՏԻՄ համակարգում»:

«Մենք լինելու ենք կառավարություն, որի իրավասության ներքո է լինելու մոտ 250 մլն դոլարի բյուջեն. մենք գնում ենք իշխանություն վերցնելու»,- ասաց Զ.Փոստանջյանը` ՀՀ և Արցախի քաղաքացիներին հրավիրելով ամսի 12-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք-համերգի և երթի` Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ, որի միջոցով փոխանցելու են իրենց քաղաքական ուղերձը:

Տեսանյութեր

Լրահոս