ՀՀԲ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN
ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը: Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀԲ-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չէ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: