Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՌԴ-ում խնդիրներ առաջացնում ՀՀ-ում ստացած միջազգային վարորդական վկայականը. Dialogue.am

Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում  անցած շաբաթ անդրադարձել էր, թե  ՀՀ-ում «Ինչպես ստանալ միջազգային վարորդական վկայական»՝ ներկայացնելով վկայականն ստանալու կարգն ու այն երկների շարքը, որտեղ Հայաստանի քաղաքացիները կարող են երթևեկել՝ առանց լրացուցիչ քննություն անցնելու: Ընթերցողներից ստացած նամակներն ու լրացուցիչ հարցադրումներով զանգերը ստիպեցին մի նոր նյութ հրապարակել: Հարցերը հիմնականում վերաբերում էին մեր քաղաքացիների համար ՌԴ-ում ՝ միջազգային վարորդական իրավունքի առաջացրած խնդիրներին:

Հիշեցնենք, որ միջազգային վարորդական վկայականը 7 լեզուներով  (հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն)  վկայական է, որ հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին մի շարք երկրներում մեքենա վարել առանց խոչընդոտների:

Քաղաքացիները հարցերին պատասխանել է փաստաբան Աշխեն Դաշյանը:

Կարդացեք նաև

Արմեն Մխիթարյան. Եթե ունեմ ՀՀ քաղաքացիություն , բայց հիմա Վրաստանում եմ ապրում, կարո՞ղ եմ առանց իմ մասնակցության կամ օնլայն տարբերակով միջազգային վարորդական վկայական ձեռք բերել:

Աշխեն Դաշյան. Հարգելի Արմեն Մխիթարյան, ազգային և միջազգային վարորդական վկայական ստանալու համար պարտավոր եք անձամբ ներկայանալ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը՝ստանալ վկայական։ Ազգային և միջազգային վարորդական վկայականներ ստանալու կարգը և պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին հարցերը ՀՀ -ում կարգավորված են  ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։

Քաղաքացի. Ազգային վկայականի ժամկետը լրանալուց հետո միջազգային վկայականի 3 տարի պիտանելիության ժամկետը ուժի մեջ մնու՞մ է, թե՞ ազգային վկայականի ժամկետը լրանալուց հետո միջազգային վկայականն էլ է անվավեր ճանաչվում:

Աշխեն Դաշյան. Հարգելի քաղաքացի, եթե լրացել է Ձեր ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը,միջազգային վարորդական վկայականը ուժը կորցնում է, ինչը կարգավորված է Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիայով։

Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 41-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Միջազգային վարորդական վկայականը ուժը կորցնում է համապատասխան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո, որի համարը պարտադիր պետք է գրվի միջազգային վարորդական վկայականում:

Ռազմիկ Սրապիոնյան. Ռուսաստանում ՀՀ-ում տրված միջազգային վարորդական վկայականն անցնո՞ւմ է, թե՞ ոչ։

Աշխեն Դաշյան. Հարգելի Ռազմիկ Սրապիոնյան, միջազգային վարորդական վկայականով թույլատրված է մեքենա վարել բոլոր այն երկրներում, որոնք ստորագրել են 1968- ի նոյեմբերի 8-ի Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան: Ռուսաստանը կոնվենցիայի անդամ երկրներից է։

Աննա Հակոբյան. Կասեք, խնդրում եմ, միջազգային վարորդական վկայական ստանալու համար պե՞տք է հանձնել քննություն, թե ոչ:

Աշխեն Դաշյան. Հարգելի Աննա Հակոբյան, միջազգային վարորդական վկայական ստանալու համար քննություն չի պահանջվում։ Միջազգային վարորդական վկայական ստանալու համար ընդամենն անհրաժեշտ է քննական մարմին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1.Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք

2. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (Պետական տուրքի վճարումը կատարվում է տեղում՝ տերմինալ սարքերի միջոցով, տուրքի չափը՝ 12.000 դրամ)

3. Վարորդական վկայական

4.  3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար

Սողոմոնյան Ռուզաննա. Եթե ամուսինս Հայաստանում է, բայց ՀՀ քաղաքացիություն չունի, կարո՞ղ է միջազգային վկայական հանել, որով Գերմանիայում կկարողանա մեքենա վարել։

Աշխեն Դաշյան. Հարգելի Սողոմոնյան Ռուզաննա, միջազգային վարորդական վկայականը տրամադրվում է ազգային վարորդական վկայականի հիման վրա։

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
Dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս