Բաժիններ՝

Մակեդոնիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգություններից տուժել է ավելի քան 100 մարդ

Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը:

Անկարգությունները տեղի են ունեցել ապրիլի 27­-ի երեկոյան եւ լույս 28-­ի գիշերը, երբ Հանուն մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցության կողմնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք՝ այդ կերպ արձագանքելով խորհրդարանի նախագահի պաշտոնում Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերիի ընտրվելուն:

Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի շենքի մոտ իրադրությունը հաջողվել է նորմալացնել. պատգամավորները դուրս են բերվել շենքից, իսկ ոստիկանությունն ուժ է գործադրել ցուցարարների դեմ, որոնք սկսել էին վրաններ խփել խորհրդարանի մոտ: Այս պահին խորհրդարանի շենքի շուրջը մետաղական արգելափակոցներ են դրված:

Սպասվում է, որ ապրիլի 28-ին ավելի ուշ Մակեդոնիայի նախագահ Ջորջե Իվանովի մասնակցությամբ կկայանա բոլոր խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հանդիպում: Պլանավորովում է քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս