ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթում տպագրվել էր «Հայաստանում ժողովրդական ապստամբության կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին» վերնագրով նյութ, որում մասնավորապես նշված էր, որ այդ կազմակերպությունը մտադիր է դիմել կառավարությանը, որպեսզի ՀՀ–ում արգելվի ինտերնետ հեռախոսակապի աշխատանքը:
Ի պատասխան, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ԶԼՄ-ների հետ հարաբերությունների բաժնի համակարգող Վահե Իսահակյանը լուրը հերքող նամակ է ուղարկել խմբագրությանը, որում մասնավորապես գրված է.
«…ՎիվաՍել-ՄՏՍ–ը պաշտոնապես տեղեկացնում է, որ երբևիցե չի դիմել ՀՀ կառավարությանը` OTT ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը երկրի տարածքում արգելելու առաջարկով: Ավելին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի գործում ու երբևէ չի գործել, ինչպես արտահայտվել է հոդվածագիրը, «ծածուկ»: Ընկերությունը տարբեր հարցերի վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները ներկայացնում է հստակ և բարձրաձայն` ներառյալ ԶԼՄ-ների միջոցով:
Հոդվածագիրը չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել տեղեկատվություն OTT ծառայությունները Հայաստանի տարածքում արգելելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ՀՀ կառավարությանը դիմելու որևէ փաստի մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած ինտերնետ ծառայությունների՝ «անհամեմատ թանկ լինելու» մասին պնդումները ևս հիմնազուրկ են: Ընկերությունը ձայնային և շարժական ինտերնետի ծառայությունները տրամադրում է շուկայի մոտ 60%–ին՝ մրցակցային և մատչելի սակագներով՝ իրականացնելով բարձրորակ սպասարկում և ընձեռելով երկրի ամենաընդարձակ ցանցում 2G, 3G և 4G ծառայություններից օգտվելու հնարավորություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: