ԶԼՄ-ներին հայտնի են դարձել ԿԺԴՀ-ին հակազդելու Թրամփի պլանի մանրամասները
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության աղբյուրի տվյալներով՝ միջոցների ցանկը բավականին ընդարձակ է եւ ներառում է ինչպես ուժային, այնպես էլ դիվանագիտական մեթոդներ: Ըստ որում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հերթին քննարկում է ներգործության դիվանագիտական եւ տնտեսական միջոցները:
Պատժամիջոցները մասամբ կարող են սահմանվել Վաշինգտոնի կողմից, մասամբ էլ իրականացվել ՄԱԿ-ի միջոցով: Նշվում է, որ սահմանափակիչ միջոցները կկիրառվեն «սահուն սանդղակով»՝ Փենյանի գործողություններին համապատասխան:
Պատժամիջոցները կարող են ներառել երկրին նավթի մատակարարումների բռնարգելք եւ հյուսիսկորեական ծովամթերքների եւ ածխի արտահանման արգելք: Նաեւ ԿԺԴՀ-ի ինքնաթիռներին կարող են արգելել մտնել մյուս պետությունների օդային տարածություն, իսկ նավերին՝ մտնել ուրիշների նավահանգիստներ: Պատիժ է նախատեսված նաեւ Չինաստանի այն բանկերի համար, որոնք համագործակցում են Հյուսիսային
Կորեայի ընկերությունների հետ:
Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ Փենյանը կարող է նոր միջուկային փորձարկում անցկացնել ապրիլի 15-ին՝ երկրի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: