Տիբեթում գրանցվել է մարդու կողմից H7N9 թռչնագրիպով վարակման առաջին դեպքը
Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման պետական կոմիտեի Տիբեթի մասնաճյուղը:
Համաձայն տեղեկատվության` վարակվելու դեպքն արձանագրվել է Լհասա քաղաքում` 41-ամյա տղամարդու մոտ, ով Սիչուան շրջանից գնացել էր Տիբեթ 2017 թվականի փետրվարին և զբաղվում էր ընտանի կենդանի թռչունների վաճառքով: Նրա մոտ ախտանիշները հայտնվել են ապրիլի 2-ին, իսկ ապրիլի 3-ին բժիշկները հաստատել են տղամարդու օրգանիզմում թռչնագրիպի առկայությունը:
Իշխանությունները որոշում են կայացրել փակել այն շուկան, որտեղ տղամարդն առևտուր էր անում, ինչպես նաև դադարեցնել այդ շրջանում ընտանի կենդանի թռչունների վաճառքը: Ձեռնարկվում են պրոֆիլակտիկ միջոցներ վիրուսի տարածման դեմ:
Համաձայն Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման պետական կոմիտեի տվյալների` ձմռան ընթացքում երկրում H7N9 թռչնագրիպի զոհ է դարձել 160 մարդ, վարակվել են 458-ը: H7N9 թռչնագրիպն առաջին անգամ արձանագրվել է Չինաստանում 2013 թվականին։