Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումը, իսկ Թուրքիան՝ աջակցում
Միջազգային հանրությունն արձագանքում է Սիրիայի դեմ ամերիկյան հրթիռակոծումներին ի պատասխան Ասադի վարչակարգի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքի: Ամերիկյան կողմը համոզված է, որ քիմիական այդ հարձակումն իրականացվել է Ասադի վարչակարգի կողմից: Դամասկոսը կտրականապես հերքում է մեղադրանքը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Այսօր ես հրամայել եմ թիրախավորված ռազմական հարված հասցնել Սիրիայում այն ռազմաբազզայի դեմ, որտեղից իրագործվել էր քիմիական հարձակումը: Միացյալ Նահանգների շահերից է բխում մահաբեր քիմիական զենքերի կիրառումն ու տարածումը կանգնեցնելը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Ռուսաստանի արձագանքը սպասեցնել չտվեց: Վլադիմիր Պուտինը Սիրիայի ամերիկյան հրթիռակոծումներն անվանեց ագրեսիայի դրսևորում, որը զգալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին:
Կրեմլի կարծիքով ԱՄՆ-ի նման գործողությունները խոչընդոտում են միջազգային ահաբեկչության դեմ համընդհանուր կոալիցիայի ստեղծման ջանքերին: Կրեմլի դատապարտմանը հաջորդել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը:
«Եթե ավելի վաղ դա հնարավոր լիներ բացատրել ահաբեկչության դեմ պայքարով, ապա այժմ սա ակնհայտ ագրեսիայի դրսևորում է Սիրիայի դեմ»,- հայտարարել է արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսական կողմը հայտարարել է, որ դադարեցնում է Սիրիայի օդում անվտանգ թռիչքների մասին ռուս-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի գործողությունը:
Եթե Ռուսաստանը դատապարտել է ամերիկյան ռազմական հարվածները, ապա Թուրքիան ողջունել է դրանք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ Դամասկոսի դեմ ավելի կոշտ քաղաքականություն իրականացնելու հարցում, իսկ կառավարությունը հույս է հայտնել, որ այս գործողություններով ԱՄՆ-ը ավելի խիստ դիրքորոշում կզբաղեցնի Ասադի վարչակարգի դեմ:
Սիրիայի հրթիռակոծմանն արձագանքել են նաև Մերձավոր Արևելքի երկրները: ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական էմիրությունը, Հորդանանն ու Քաթարն աջակցել են Միացյալ Նահանգների գործողություններին, իսկ տարածաշրջանային այլ երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իրաքն ու Ալժիրը՝ դատապարտել այն:
Իրանի արտգործնախարարությունը, դատապարտելով ամերիկյան ռազմական հարվածները, ընդգծել է, որ դատապարտելի է յուրաքանչյուր միակողմանի գործողություն, ի պատասխան քիմիական զենքի օգտագործման չհաստատված մեղադրանքների:
Եվրոպական երկրները ևս սատարել են Սիրիայի հրթիռակոծմանը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի գործողությունները արդարացված են, և Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է իր դաշնակցին:
Թրամփի վարչակազմին իր աջակցությունը հայտնեց նաև Գերմանիան՝ ի դեմս վարչապետ Անգելա Մերկելի։
«Միացյալ Նահանգների հարձակումը հասկանալի է՝ հաշվի առնելով այն հանցագործությունները, որոնք կատարվել են այս պատերազմի ժամանակ, անմեղ մարդկանց տառապանքներն ու Անվտանգության խորհուրդի անգործունեությունը»
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օոլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները համաչափ էին:
«Ես դիտարկում եմ այս գործողությունը որպես պատասխան, որն այժմ պետք է տեղափոխվի ՄԱԿ-ի հովանու ներքո»,- հայտարարել է նախագահ Հոլանդը:
Դաշնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են հասկանալ, թե արդյոք այս հարվածները կունենան շարունակություն՝ վերածվելով լայնածավալ ռազմական գործողության: