Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել է Իրաք
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական, այցով ժամանել է Իրաք: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Քուշներին Իրաք է հրավիրել ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Նրանք Իրաք են ժամանել միասին:
Ըստ Reuters գործակալության տեղեկատվության՝ Քուշները ցանկանում է անձամբ ծանոթանալ երկրի իրադրությանը, ինչպես նաեւ ցուցադրել ամերիկյան իշխանությունների աջակցությունը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ վերջին ամիսներին Քուշները պատասխանատու էր այլ պետությունների մի շարք ղեկավարների հետ Թրամփի վարչակազմի շփումների համար, այդ թվում ՝ ոչ պաշտոնական, հաղորդել է ՏԱՍՍ-ը։