«Միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ արձագանքի և պարտադրանքի լեզվով խոսի Ադրբեջանի հետ»
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը միջազգային հանրությանը կոչ է անում ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին զսպելու համար, քանի որ հակառակ պարագայում տարածաշրջանը կարող է վերածվել բախումների լուրջ օջախի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմից շփման գծում դիվերսիոն ներթափանցման հերթական փորձին, ընդգծեց, որ դա արդյունք է այն հանգամանքի, որ միջազգային հանրությանը չի հաջողվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: «Միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ արձագանքի այս ամենին և ուղղակի պարտադրանքի լեզվով խոսի Ադրբեջանի հետ, որպեսզի կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավ որվածությունները, որպեսզի շփման գծում ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ»,- նշեց Զաքարյանը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ Ադրբեջանի նման պահվածքի արդյունք է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված և ոչինչ չասող հայտարարությունները, կողմերին ուղղված անորոշ կոչերը: «Այս ամենն Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունը, դեպքերը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել իր ուզած ձևով»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով`շփման գծում լարվածություն առաջացնելն ու իրավիճակը շիկացնելը նաև պայմանավորված է Ադրբեջանում առկա ներքին խնդիրներով, իսկ ադրբեջանցիները այդ խնդիրներից ուշադրությունը շեղելու արդյունավետ միջոց են համարում սահմանին իրավիճակը թեժացնելը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: