Սեյրան Օհանյանը բոլոր ուժերի առաջնորդներին Ղարաբաղի հարցի վերաբերյալ հրապարակային քննարկման կոչ արեց

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Արցախի խնդրի վերաբերյալ իրենց դաշինքի դիրքորոշումը:

Նա հայտարարեց, որ ինքը պնդում է, որ ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները  պետք է հանդես գան Ղարաբաղի հարցի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով: Նա բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ արեց, որովհետև, ըստ նրա, այն սերտորեն կապված է Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ:

«Որպեսզի մեր տարածաշրջանում ձևավորվի խաղաղություն և հանդուրժողականության մթնոլորտ, պետք է լուծվեն մի քանի խնդիրներ՝ պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու ժողովուրդների միջև խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու: Խնդրի կարգավորման դեպքում չպետք է լինեն հաղթողներ կամ պարտվողներ կամ միակողմանի զիջումներ: Անշուշտ, Արցախյան կարգավորման հարցում չափազանց կաևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք բոլորս գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք կայացվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում:

Ավելին, վերջնական խոսքը  պետք է լինի Ստեփանակերտինը: Որպես փաստ՝ Արցախն արդեն ինքնորոշված է: Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը: Մենք պետք է դրա հետ զուգահեռ՝ Հայաստանը զարգացնենք, որպեսզի Արցախը նաև զարգանա, ու Արցախի հարցը լուծենք, որպեսզի տևական խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- հայտարարեց նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս