Գերմանիայի թուրքերը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ են նախաձեռնել
Գերմանիայի խոշորագույն թուրքական կազմակերպություններից մեկը` «Գերմանիայի թուրքական համայնքը» (ATT) Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ խոշոր քարոզարշավ է նախաձեռնել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Գերմանիայի թուրքական համայնք» կազմակերպության նախագահ Գյոքայ Սոֆուօղլուն հայտնել է, որ Էրդողանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները հեռանում են ժողովրդավարության սկզբունքներից: «Մենք մերժում ենք ցանկացած նախաձեռնություն, որն առաջ է տանում մեկ մարդու ռեժիմը»,- հայտարարել է Սոֆուօղլուն: Նա տեղեկացրել է, որ «ոչ»-ի քարոզարշավի շրջանակում իրենք մինչև ապրիլի 9-ը Գերմանիայ տարբեր շրջաններում շուրջ 400 միջոցառում են կազմակերպելու:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Գերմանիայում բնակվող Թուրքիայի ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ ևս մասնակցելու են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: