Շիրակի մարզպետը նախընտրական շրջանում արձակուրդ չի գնալու
Շիրակի մարզպետը նախընտրական շրջանում արձակուրդ չի գնա: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով ղեկավարում է ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը, ասում է՝ ժամանակի առումով խնդիր չի լինի: «Արձակուրդ չեմ գնալու, ես այդ ամբողջ աշխատանքները կկազմակերպեմ իմ աշխատանքային ժամերից դուրս։ Միանշանակ կհասցնեմ։ Ես այդ աշխատանքները իմ ազատ օրերի ու հանգստի հաշվին կկատարեմ՝ բացարձակ չվնասելով պետական գործը։ Բնական է, նաև օրենքով չարգելված բոլոր իմ հնարավորություններով օգտակար կլինեմ իմ կուսակցությանը»,- ասաց մարզպետը։
Խոսելով նախորդ ՏԻՄ ընտրությունների մասին՝ մարզպետը վստահեցրեց, որ թեև ԱԺ ընտրությունները տարբերվում են ՏԻՄ ընտրություններից, բայց, այնուամենայնիվ, իրենք հետևություններ արել են, իսկ կուսակցությունն այս ԱԺ ընտրություններին կմասնակցի գաղափարական պայքարով:
Անդրադառնալով ընտրակաշառքի մասին լուրերին՝ մարզպետը բացասական գնահատական տվեց երևույթին:
«Կաշառք բաժանելը շատ վատ երևույթ է, և չգիտեմ կա մարդ, որ այն արդարացնի: Երբ մի պաշտոնյա փորձում է իր պարտականությունները կատարելիս ինչ-որ մեկից գումար շորթել, ասում ենք՝ կաշառակեր է, բայց երբ քաղաքացին պատրաստ է գումարով գնալ ընտրության՝ նույնը չենք ասում: Ես գտնում եմ, որ մեր բնակչությունը պիտի հասկանա, որ եթե ուզում ենք ունենալ հզոր իշխանություն, իրականում պետք է ճիշտ ընտրություն կատարենք, առանց կաշառքների»,- նշեց մարզպետը:
Արմենուհի Մխոյան