Թուրքիայից Հունաստան են փախել ևս երկու զինվորական
Թուրք երկու զինվորականներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, փախել են Հունաստան: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հունաստան փախած թուրք զինվորականները փետրվարի 20-ին փաստաբանի միջոցով Հունաստանի կառավարությունից քաղաքական ապաստան են խնդրել: Զինվորականները արդեն մի քանի օր է, գտնվում են Հունաստանի արևելյան Ալեքսանդրուպոլիս քաղաքում:
Զինվորականները թուրք-հունական սահմանը անօրինաբար հատել են Էվրոսի միջոցով և հանձնվել հունական ոստիկանությանը: Նրանք երկուսն էլ թուրքական բանակի հատուկ ուժերի նախկին սպաներ են, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի շրջանակններում նախագահ Էրդողանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մեջ:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել ևս 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, սակայն հունական կողմը հրաժարվում է:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ: