Ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը
Ռուսաստանում ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ղալիբ Աղաևը, հաղորդում է life-ը:
Հունվարին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ «Խարդախություն» հոդվածով: Օրերս տղամարդը ձերբակալվել է և վերցվել տնային կալանքի տակ:
Life-ին հայտնի է դարձել, որ Մերձմոսկվայի ադրբեջանցիների շրջանային ազգային-մշակութային ինքնավարության կազմակերպության նախագահ Աղաևը 2015 թվականին, ենթադրաբար, բյուջեից հափշտակել է ավելի քան 600 հազար ռուբլի։
Հաղորդվում է, որ այդ միջոցներն Աղաևն ստացել էր «Ռուսաստանը թուրք և ադրբեջանցի դպրոցականների աչքերով» դրամաշնորհի շրջանակում, որը հատկացվել էր ՌԴ կրթության նախարարության կողմից։
Հատկացված 600 հազար ռուբլով Աղաևը պետք է կազմակերպեր թուրք և ադրբեջանցի դպրոցականների այցը Ռուսաստան և երեխաներին տաներ էքսկուրսիայի։
Ամենայն հավանականությամբ, տղամարդը խոշոր գումարը տնօրինել է իր հայեցողությամբ։