Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է չգրանցված դեղերի ներմուծումը Հայաստան
Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է ՀՀ չգրանցված դեղերի ներմուծումը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը նշեց, որ տուգանքները մի քանի անգամ ավելացել են:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանի խոսքով էլ ` ՀՀ դեղերի մասին հին օրենքն արդեն իրեն սպառել էր եւ չէր համապատասխանում այսօրվա պահանջներին: «Դեղերի մասին նոր օրենքը ոչ մի գնային թանկացում չի առաջացնի: Այն կկարգավորի եւ կվերահսկի դեղերի շրջանառությունը»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով դեղատոմսերով դեղերի դուրսգրմանը՝ Թոփչյանը նշեց, որ ՀՀ-ում գրանցված 4500 դեղից 40 տոկոսը դեղատոմսով դուրս գրվող դեղեր են:
«Արդեն իսկ մշակված է դեղատոմսի կարգը, ձեւը եւ Կառավարության համապատասխան որոշումից հետո կսկի գործել»,-ասաց նա:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում ապահովող իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 42 արձանագրային որոշման հավելվածի հիմնախնդրի 2-ի կետ 3-ի պահանջներից:
Նոր օրենքը շրջանառության մեջ է դրվել 2016 թվականի դեկտեմբերի 15-ից: