«Դա դարձրել եք հայոց պատմություն». Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջելու մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանը կարող էր հավակնել գլխավորել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, սակայն նա ի սկզբանե բացառել է ամեն ինչ: Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը երեկ հայտարարել է, որ լքում է կուսակցությունը:
Խոսելով Սեյրան Օհանյանի՝ իրենց ցուցակը գլխավորելու վերաբերյալ հնչած քննադատությունների մասին՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ առանձնապես չի քննարկվել Սեյրան Օհանյանի՝ քաղաքական քավարանով անցնելու հարցը:
«Այնպես չէ, որ ինչ-որ մեկը ցանկություն է հայտնել գլխավորելու ցուցակը, ու այդ հարցը չի քննարկվել: Բացի դա, Սեյրան Օհանյանը սրանից 3-4 ամիս առաջ ազգային հերոս էր, Հայաստանի լավագույն կառավարիչներից էր, անձ էր, ով իշխանության ամբողջ դաշտի և ընդդիմության գրեթե ճնշող մեծամասնության կողմից ընդունվում էր, անձ է, ով ունի հետագիծ, որը քաղաքական հետագիծ չէ, այլ բացառապես պրոֆեսիոնալ զինվորականի, ինքը քաղաքական հատված չի զբաղեցրել: Սեյրան Օհանյանը սխալներ ունեցել է, չեմ սրբացնում նրան, բայց նրա մոտ դրականն ավելի շատ է, քան բացասականը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
168.am-ը հշեցրեց, որ ընդամենը մեկ տարի առաջ, սահմանադրական բարեփոխումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում պահանջում էր Սեյրան Օհանյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան ընտրակեղծիքներում ունեցած իր ներգրավվածության մասին: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց.
«Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ նախադասություն է ասել, երևի թե դա պատմական նախադասություն է, հետո մեր պատմիչները կգրեն այդ նախադասության մասին: Այդ նախադասության առաջին հատվածը սկսվում է նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ «Սեյրան Օհանյանը, որը երկրի լավ ղեկավար կլիներ», և հետո կատարում է իր քննադատական խոսքը, հիմա դա դարձրել եք հայոց պատմություն: Այդ նախադասությանը Սեյրան Օհանյանն ընդամենը կես նախադասությամբ է պատասխանել, կարծում եմ՝ երկուսն էլ կոռեկտության շրջանակը պահել են: Մինչդեռ դուք չեք հիշում, որ մարդիկ իրար ինչ ասես՝ ասում էին, ընդամենը կարճ ժամանակ առաջ, ոչ թե քննադատում էին, այլ վիրավորում էին, ու չեք ասում՝ իրենք ո՞նց են իրար հետ համագործակցել: Քննադատել է Րաֆֆի Հովհաննիսյանը, պարոն Օհանյանն էլ ասել է, որ ինքը դրա հետ ոչ մի կապ չունի: 2013 թվականին Արմավիրում՝ այնտեղ, որտեղ սպաներն ու ենթասպաներն են քվեարկել, այդ տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունն ինքը քաղաքական համարո՞ւմ է: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ, ճիշտ է, փաստաբանն ասել է, որ դա քաղաքական չէ, բայց ինքն ինչ-որ քաղաքական երանգ տեսնում է՝ հաշվի առնելով այս նախընտրական ժամանակահատվածը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: