«Իսկ մենք կգնանք Հայաստանով». Թոմ Հենքս
Իսկ մենք կգնանք Հայաստանով։ Այս խոսքերն է ասում ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը պրոֆեսոր Լենգդոնի դերում «Ինֆերնո» ֆիլմում՝ նկատի ունենալով Ֆլորենցիայի «Պալացցո Վեկյո» թանգարանում ի ցույց դրված XVI դարի Հայաստանի եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։
2016թ. հոկտեմբերին էկրաններ բարձրացած ռեժիսոր Ռոն Հովարդի ֆիլմը նկարահանվել է ամերիկացի հայտնի գրող Դեն Բրաունի նույնանուն վեպի հիման վրա։
Սյուժեի համաձայն՝ պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը պետք է կասեցնի խորհրդավոր չարագործներին, որոնք մտադիր են մահացու վիրուս տարածել։ Խորհրդավոր պատմության բացահայտումը կապված է «Դժոխքի» (իտալերեն՝ Inferno)՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի հետ։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ֆլորենցիա քաղաքում։ Փրկության ուղին անցնում է «Պալացցո Վեկկյո»-ի միջով, որի քարտեզագրական սրահում ներկայացված է միջնադարյան Հայաստանի ծովից ծով քարտեզը։ Ֆիլմում պրոֆեսորը ոչ միայն մատնանշում է Հայաստանի քարտեզը, այլև բացում է դրա գաղտնի դուռը։ Նույն կերպ է ներկայացված նաև այդ էպիզոդը Բրաունի գրքում։
«Պալացցո Վեկկյոում» պահվող գունավոր քարտեզը եզակի գիտական ստեղծագործություն է։ Մեծ քարտեզի 53 մասերը միասին կազմում են աշխարհի ատլասը, որը ստեղծվել է 1563-1575թթ. Վերածննդի մեծագույն քարտեզագիր Ստեֆանո Բուոնսինյորիի ու Իգնացիո Դանթիի կողմից։