«ՀՀԿ-ն փորձում է այս ցուցակով ցույց տալ, որ իրենց մոտ տեղի է ունենում սերնդափոխություն». Քաղաքագետ

«Բոլոր կուսակցությունների ցուցակներում ընդգրկված են բավական ինտելեկտուալ քաղաքական գործիչներ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով կուսակցությունների և դաշինքների ներկայացրած նախընտրական ցուցակների մասին:

Ըստ մեր զրուցակցի՝ ամենահետաքրքիր փաստն այն է, որ, եթե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակները «բավականին խնդրահարույց էին», այդ ցուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածուները հիմնականում «կոճակ սեղմողներ, բայց ընտրություններին բավականին ձայն ապահովող անձինք էին», ապա այդ բացը, ըստ քաղաքագետի՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են լրացնել համամասնական ցուցակով՝ այնտեղ ընդգրկելով բավական մեծ քանակությամբ ինտելեկտուալ անձանց, ովքեր տարբեր բնագավառների մասնագետներ են.  իրավաբաններ, տնտեսագետներ, պատմաբաններ և այլք:

«Ինչ վերաբերում է նրանց հնարավորություններին, ապա պետք է նշեմ, որ ես չեմ համարում, որ միայն համամասնական ցուցակով ինչ-որ հաջողության կարելի է հասնել: Ես գտնում եմ, որ նույն ՀԱԿ-ի, «Ելքի» մեջ ընդգրկված անձինք ևս պետք է շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին վարկանիշային ցուցակով, որովհետև վարկանիշային ցուցակով մասնակցելը ևս կարող է շատ ձայներ բերել համապատասխան քաղաքական ուժին: Շատ ուրախ եմ, որ ցուցակներում ինտելեկտուալ խավը բավական մեծ էր ներկայացված, սա միակ եզակի դրական կողմն է, որովհետև, երբ ես տեսա վարկանիշային  ցուցակները, դրանք խայտառակություն էին՝ նույն Շմայսը, այլ ածականավոր մարդիկ, նույն կիսակրիմինալ և օլիգարխիկ խավը, որոնք հիմնականում Ազգային ժողովում պետք է ոչնչով չզբաղվեն, և, ինչպես միշտ, պետք է իրենց ներկայությունն ապահովեն, որպեսզի կոճակ սեղմեն»,- նշեց Գ. Համբարյանը

Քաղաքագետը գտնում է՝ նախընտրական ցուցակները շատ քիչ նշանակություն ունեն տվյալ քաղաքական ուժի հաղթանակում. «Որովհետև, ցավոք սրտի, մեր հասարակությունն ընտրում է ոչ թե կուսակցություններին, ոչ թե նրանց գաղափարախոսությունը և ծրագրերը, այլ ընտրում է անձի, հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն փորձում են որքան հնարավոր է շատ անձանց ներգրավել իրենց վարկանիշային ցուցակներում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Հայաստանում կուսակցական շինարարությունը չավարտվեց, մենք ունենք մարդ-կուսակցություններ, այդ կուսակցությունը հզորանում է, երբ համապատասխան լիդեր ունի, բայց եթե այդ լիդերը դուրս գա այդ կուսակցությունից, կուսակցությունը կարող է 90 տոկոսով փլուզվել, ու տակը ոչ ոք չմնա»:

Գ. Համբարյանի կարծիքով՝ այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, դրական կանդրադառնա ՀՀԿ-ի վրա. «ՀՀԿ-ն նույնպես փորձում է այս ցուցակով ցույց տալ, որ իրենց մոտ տեղի է ունենում սերնդափոխություն, այդ նավթալինոտ դեմքերը, որոնց հասարակությունն ունկնդրում է արդեն 25 տարուց ավելի, գոնե երկրորդ պլան են տեղափոխվել, ու շատ գովելի է, որ առաջին տասնյակում քիչ թե շատ նորմալ դեմքերի կարելի է հանդիպել»:

Տեսանյութեր

Լրահոս