Ազատ Արշակյանն աջակցում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին «շահադիտական» նպատակներով

««Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում, բացի կուսակցականներից՝ ընդգրկված են անձինք, ովքեր ցուցակում ընդգրկված բոլոր անձանց հետ միասին ունեն մեկ հստակ տեսլական՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն դարձնել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության ցուցակում ընդգրկված, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկվածները եվրոպական արժեքների կրող են: Ա. Բախշյանի խոսքով՝ իրենց ցուցակը բաղկացած է 101 անդամից, որոնց 60 տոկոսը երիտասարդներ են, 40 տոկոսը՝ կանայք: Նրա բնորոշմամբ՝ սա ցուցակ է, որը հույսեր է արթնացնելու հասարակության մեջ:

Ա. Բախշյանը բոլոր քաղաքական ուժերին էլ իրենց մրցակից է համարում, իսկ «Ելք» դաշինքի հետ իրենք գրեթե նույն դաշտում են: Նա կցանկանար, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» միասնական դաշինքով մասնակցեին ընտրություններին. «Եղավ այն, ինչ եղավ, հիմա մնում է, որ բոլոր համախոհ ուժերը նույն դաշտում լինեն ու երկրի ինքնիշխանությունը պահեն»:

Ա. Բախշյանը նաև նշեց, որ իրենք ունեն լուրջ աջակցող թիմ:

Ասուլիսին ներկա, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին աջակցող Ազատ Արշակյանն էլ հաջողություն մաղթեց «Ազատ դեմոկրատներին»՝ նշելով, որ շատ լավ թիմ է հավաքվել:

Նա նշեց, որ իրենք շահադիտական նկատառումներով են աջակցում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին. «Որովհետև նրանք էլ խոստացել են, որ կաջակցեն մեր «Միացյալ հայերի» ծրագրին: Դաշինքն այն մասով, որտեղ որ «Ժառանգությունն» է, կարծում եմ, որ լավ կլինի, որովհետև նրանք ժողովրդավարության կողմնակից են, որի ջատագովն եմ նաև ես»:

Ա. Արշակյանը նշեց, որ իր վստահությունը կամավորականներն են, ազատամարտիկները, Ս. Օհանյանի աջակիցները. «Սեյրան Օհանյանին ես վստահում և աջակցում եմ»:

Հարցին, թե կա՞ մի ուժ, որի հետ հետընտրական զարգացումների ժամանակ չէր ցանկանա համագործակցել, Ա. Բախշյանը  պատասխանեց, որ առաջին հերթին՝ իշխանության հետ, նաև չէր ցանկանա համագործակցել ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս