Բաժիններ՝

«Երեխան գանգի կոտրվածք չէր կարող ստացած լինել մեկ ամիս առաջ մեր ծննդատանը». «Շենգավիթ» ԲԿ-ի պարզաբանումը

Ցավով տեղեկացանք մեր ծննդատանը մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան մասին:  Մեր ցավակցությունն ենք հայտնում փոքրիկի ծնողներին և հարազատներին:

Լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե երեխայի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին երեխայի մահվան մեջ, ցանկանում ենք պաշտոնական հայտարարություն անել.

Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի և հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:

Դուրս գրմանը նախորդող վերջին 3 օրերի ընթացքում երեխան գտնվել է մոր խնամքի տակ: Դուրս գրմանը նախորդել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքներով երեխայի առողջական վիճակում շեղումներ չեն հայտնաբերվել:

Գանգի կոտրվածքի , գանգուղեղի որևէ ախտահարման մասին վկայող ախտանիշներ չեն եղել:

Դուրս գրումից հետո երեխան գտնվել է տեղամասի մանակբույժի հսկողության տակ, երկու անգամ ծնողների կողմից տարվել է առաջատար մանկաբուժական կլինիկաներ ջերմության գանգատով: Այդ զննումների և խորհրդատվությունների  արդյունքում որևէ գանգուղեղային  ախտահարում չի ախտորոշվել:

Մեր համոզմամբ ծնվելուց մեկ ամիս հետո նորածնի մահը որևէ կերպ կապված չէ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության հետ:

Հուսով ենք, որ նախաքննությամբ կհաստատվի մեր համոզմունքը նրանում, որ երեխայի մահվան հավանական պատճառ հանդիսացած գանգի կոտրվածքը չէր կարող ստացված լինել մեկ ամիս առաջ մեր ծննդատանը:

«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս