«Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում». Նարեկ Գալստյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ դերակատարություն ունի կազմավորվող «Ծառուկյան» դաշինքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների դադարեցմանը, ասաց ՍԴՀԿ ատենապետը:
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի այդ ձեւավորվող դաշինքում, այդպես է գոնե երևում քաղաքական շշուկներից: Երբ նախընտրական ցուցակները հրապարակվեն, դուք էլ կհասկանաք, թե ուղղակիորեն ինչ դերակատարություն ունի նա»,-ասաց Նարեկ Գալստյանը:
ՍԴՀԿ ատենապետը խոր համոզմունք հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ձևավորման փուլում մամուլում որոշ հրապարակումների հետեւում կանգնած է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այն ընթացքում, երբ դաշինքը դեռ ձևավորվում էր, պարբերաբար մամուլում հրապարակումներ եղան, վստահ եմ, որ դրա հետևում նա էր կանգնած, թե ինչու՝ գնացեք ու իրեն հարցրեք: Այդ անառողջ մթնոլորտում աշխատել մենք չցանկացանք»,-ասաց նա:
ՍԴՀԿ-ն դիմել էր «Ծառուկյան դաշինքին» անդամակցելու համար, նույն հարցով դիմել էր նաև Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ն:
Այս առնչությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում էր կատարել, որ հաշվի առնելով ՍԴՀԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հետ հակասությունները` Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը: