«Եթե Ադրբեջանը կրկին արկածախնդրության փորձ կատարի, հետևանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն». Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի գործողություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քորարյանը:
«Շատ կարեւոր եմ համարում այս աշխատաժողովը, քանի որ շատ բաներ մոռացվում եւ աղավաղվում են մեր հակառակորդի ջանքերով: Ադրբեջանը մարդու իրավունքների հետ անհամատեղելի է, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունն ակնհայտ է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ սկսեց Սումգայիթում, նրա շարունակական քաղաքականությունն է:
Այսքան տարի նրանք ձեւացրել են, որ մասնակցում են բանակցային գործընթացին, դա ընդամենը իմիտացիա է, եւ այս փուլում համանախագահներն ունեն մի առաքելություն. դա այն է, որ թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում: Իսկ այն, ինչին ձգտում է Ադրբեջանը, ուժային լուծումն է եւ ցեղասպանական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պարզապես ծիծաղելի է, երբ մի կողմ, որը պատրաստ չէ փոխզիջումների, ԼՂՀ-ն նույնիսկ մի կողմ թողած, արտահայտում է իր հավակնությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ»,-նշեց նա:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմը նաեւ ցույց տվեց, որ պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության:
«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը կրկին փորձ կատարի, ապա այս անգամ հետեւանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը: