Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ Մասիսում

Մասիս քաղաքի «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում այսօր հյուրընկալել էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերին:

Դպրոցի սաները դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով և գերմաներեն ողջույններով: Իսկ դահլիճում արդեն գերմանացի հյուրին սպասում էր երաժշտական դպրոցի սաների ելույթը: Թե ի՞նչ առիթով էր դեսպանը հյուրընկալել Մասիս և ինչպիսի՞ հետագա ծրագրեր կիրականացվեն Մասիսում այս այցից հետո, այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: 

– Պարոն Համբարձումյան, ո՞ւմ հրավերով է Գերմանիայի դեսպանն այցելել Մասիս:

– ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերին անձամբ եմ հրավիրել Մասիս: Հրավիրել ենք մեր քաղաք, որպեսզի բարեկամական կապեր ստեղծենք Մասիս քաղաքի և Գերմանիայի Դաշնության քաղաքների միջև:

– Ի՞նչ բարեկամություն կարող է լինել Գերմանական քաղաքների և այդ քաղաքներից շա՜տ հեռու գտնվող Մասիսի միջև:

– Մենք փորձում ենք գերմաներենի ուսուցման կենտրոն ստեղծել Մասիս քաղաքում: Ուզում ենք Գերմանիայի անկյուն ունենանք Մասիսում, ավելի հասանելի դարձնել գերմանական մշակույթը, նորարարությունները: 

– Ինչո՞ւ հենց Գերմանիան:

– Որովհետև Գերմանիան շատ զարգացած պետություն է: Եվ այդ երկրում իրականացվող ցանկացած նորարարությանն առնչվելը մեզ օգուտ կբերի: Նպատակը մեկն է՝ ստեղծել բարեկամական սերտ կապեր:

– Հարցիս ձևակերպման համար կանխավ ներողություն, սակայն, Գերմանիայի ինչի՞ն է պետք համագործակցությունը Մասիսի հետ:

– Նրանք ևս ուզում են բարեկամական կապ հաստատել և անկեղծորեն ուզում են օգնած լինել Մասիս քաղաքին: Ապագայում մասիսցիները կտեսնեն այս համագործակցության պտուղները: 

Ի դեպ նշենք, որ Մասիսի ներկայիս քաղաքապետը միշտ պատրաստակամ է զրուցելու լրատվամիջոցների հետ և երբևէ չի խուսափել հարցադրումներից: Իսկ քաղաքացիները դեռ «ուշքի» չեն եկել այն մտքից, որ քաղաքապետի հետ զրուցելու համար այլևս կարիք չկա օրերով սպասել, հերթագրվել, նա կարող է լինել պարզ և իր խոստումների տերը նաև ընտրություններից հետո:

Տեսանյութեր

Լրահոս