«Մոտ օրերս կավարտվեն ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. այն կբավարարի երկու կողմերին էլ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ ընդգծելով. «Մոտ օրերս սպասվում է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Կան դեռևս մի քանի կետեր, որոնց շուրջ Հայաստանի և ԵՄ-ի ղեկավարությունները պետք է համաձայնության գան, այնուամենայնիվ, ուզում եմ հույս հայտնել, որ համաձայնագիրը կլինի երկու կողմերին բավարորղ փաստաթուղթ»:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում Ֆրանսիան առարկություններ ուներ, մասնավորապես՝ տեղանունների՝ կոնյակի, շամպայնի, Հայաստանի կողմից եվրոպական շուկաներում տարածման հարցում, դեսպանը պատասխանեց. «Մենք հետևողական ենք մեր երկրի աշխարհագրական տեղանունները կրող բրենդային ապրանքների անվանումներով այլ երկրների՝ Եվրոպայում տարածման հարցում: Բացի հուզական ասպեկտից, այն ունի նաև սկզբունքային նշանակություն: Դրանով է պայմանավորված Ֆրանսիայի դիրքորոշումը, սակայն սա չի նշանակում, որ մենք բաց չենք բանակցությունների համար:

Աշխարհագրական տեղանունների այս խնդիրը դեռևս իր վերջնական լուծումը չի ստացել: Սա դժվար հարց է և՛ Ֆրանսիայի, և՛ Հայաստանի համար, որովհետև, բացի մեզ համար սկզբունքային հարց լինելուց, սա նաև տնտեսական նշանակություն խնդիր է: Չմոռանանք, որ խնդիրը երկու երկրներում էլ բավականին մեծ նշանակություն ունեցող ապրանքատեսակների մասին է, իսկ մեզ համար այս խնդիրը միայն ոգելից խմիչքներին չի վերաբերում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս