«Աչքերս փակում եմ բոլոր տարաձայնությունների վրա». Ազատ Արշակյանը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին

168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

– Պարոն Արշակյան, երեկ տեղի ունեցավ նախընտրական հերթական դաշինքի ստեղծումը՝ ի դեմս Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի, որին նաև Դուք աջակցում եք: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա հանրությունը գաղափարապես այդքան տարբեր ուժերի միավորումից:

– Մի գաղափարը, կարծես թե, բոլորի մոտ ընդհանուր է՝ Հայաստանը դուրս բերել այս խորը քաղաքական, նաև ինտելեկտուալ ճգնաժամից: Մեր բոլոր դժբախտությունների պատճառը մտավորականության անգործությունն է կամ մտավորականության բացակայությունն է կառավարման համակարգում: Այդ իմաստով՝ նրանք ընդհանուր, մեծ գաղափար ունեն: Նրանք ուզում են  աքսորված խելքը վերադարձնել քաղաքական կյանք: Դա ամենակարևոր գաղափարն է: Նրանք ուզում են Հայաստանը բարեփոխել, նրանք բարեփոխիչներ են: Անշուշտ, նրանց մեջ շատ մեծ, ակնհայտ տարբերություններ կան, բայց կարծում եմ՝ դրանք երկրորդական են: Աչքերս փակում եմ բոլոր տարաձայնությունների վրա, ինքս էլ շատ բաների հետ համաձայն չեմ եղել, բայց ես ինքս իմ կարծիքը խլացնում եմ, երկրորդ պլան եմ մղում, որ լինի բարեփոխում:

– Նախարար եղած ժամանակ, երբ Սեյրան Օհանյանին հարցնում էին Մարտի 1-ի դեպքերի մասին, ինքը լռություն էր պահպանում և բացահայտման մասին չէր խոսում: Երեկ նա ասաց, որ ամեն ինչ կանեն, որ Մարտի մեկը բացահայտվի: Ինչքանո՞վ դա կարող է հավատ ներշնչել, այն դեպքում, երբ ժողովրդի դեմ զինված ուժեր դուրս բերելու մեջ հենց նրան էին մեղադրում:

– Ինձ համար կարևորը նա է, որ ցանկացած մեկը հայտարարում է, որ ինքը կողմ է ու ամեն ինչ անելու է, որ արդարությունը վերականգնվի, այդ թվում՝ նաև իրավական արդարությունը Մարտի 1-ի քաղաքական կալանավորների նկատմամբ, որին ինքը նույնպես չպատասխանեց, կիսատ պատասխանեց: Ես՝ իր փոխարեն, կասեի՝ բոլոր կասկածելի դեպքերում հարկավոր է ամնիստիա հայտարարել, եթե կասկած կա՝ դա քաղաքական է, թե քրեական է, ուրեմն՝ հօգուտ կալանավորի պետք է լինի դա: Քաղաքական կասկածյալ չպետք է լինի: Ինքն անփորձ է, նրա համար անակնկալ էր դա, ինքը սովոր էր զինվորական կյանքի մասին խոսել, իսկ այսպիսի հարցերին պատասխանելու համար որոշակի հմտություններ են պետք: Հիմա Սեյրան Օհանյանն ասում է՝ պետք է պատժվեն մեղավորները, մենք ասում ենք՝ կեցցե  Սեյրան Օհանյանը: Մենք կասկածում ենք, ասում ենք՝ իսկ առաջ նա ի՞նչ է եղել: Առաջ նա եղել է հայկական բանակի բարձր պաշտոնյա, մենք հպարտանում ենք հայկական բանակի հաջողություններով, մենք, փաստորեն, հպարտանում ենք նաև իր աշխատանքով:

– Բայց նաև խոսվում է հայկական բանակի թերությունների մասին, մասնավորապես, ապրիլյան պատերազմում մեր կորուստների համար մեղադրանքները հենց Սեյրան Օհանյանի հասցեին էին հնչում:

– Այդ պատասխանատվությունն իրենն է և մեր բոլորինը: Հայկական բանակն աշխարհի ամենուժեղ բանակը չէ, դա արդեն լուրջ թերություն է, մենք պետք է ամենաուժեղ բանակն ունենանք: Ինքը՝ Սեյրան Օհանյանը, և մենք բոլորս թերացել ենք, որ հայկական բանակը լավը չէ, բայց դա հենց նա է, ինչ մենք այսօր կարողացել ենք անել:

– Ասում եք՝ եթե Սեյրան Օհանյանն ասում է՝ պետք է գնալ փոփոխությունների, դա ողջունելի է, բայց նույն կերպ բոլորն էլ կարող են դուրս գալ իշխանությունից և ասել, որ գնում են բարեփոխումների: Մի՞թե միայն հայտարարություները բավարար են մարդուն հավատալու համար:

– Բավարար չեն: Հարկավոր է գործ անել, հայտարարել և գործ անել: Մենք համաձայն ենք, որ նույնիսկ իշխանությունն ինքնաքննադատաբար հայտարարում է հիմա, որ գործերը լավ չեն, ես ողջունում եմ, որ նախագահը, վարչապետը, նախարարներն ասում են՝ լավ չէ: Դա ինքնաքննադատություն է: Հաջորդ քայլը պետք է լինի գործ անելը, վիճակը լավացնելը: Հիմա այդ շանսը բոլորն ունեն՝ ապագա և նախկին պաշտոնյաները: Մեզ շանս է ներկայացվել մարդուն խրախուսել, ասել՝ կեցցես, Սեյրան Օհանյան, ինչ մտածում ես, արա, ես ասում եմ՝ ես ձեզ օգնելու եմ:

– Սեյրան Օհանյանը նշեց, որ կան քաղբանտարկյալներ, բայց նախկինում ասել էր, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ չէ: Եթե Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ չէ, ապա ովքե՞ր են քաղբանտարկյալ:

– Ես ասացի՝ եթե կասկած կա, որ մարդն արդարացիորեն է հայտնվել անազատության մեջ, նրան պետք է ազատ արձակել, իսկ քաղբանտարկյալ՝ նշանակում է՝ նա հայտնիորեն անարդարացի է հայտնվել բանտում: Եթե մենք բացարձակապես հայտարարենք, մենք ինքներս այդ գնահատականը տալու իրավունքն ունե՞նք: Կոնկրետ Վոլոդյայի դեպքի համար քրեական գործ է հարուցվել, դրան հարկավոր է նախ իրավական գնահատական տալ, հետո՝ քաղաքական: Ես կարծում եմ՝ իրավական առումով Հայաստանի դատարանները շատ սխալներ են թույլ տալիս, արդարացի դատարաններ չեն, բայց մենք չենք կարող բոլոր ազատազրկվածներին համարել անարդարության հետևանքով ազատազրկվածներ:

– Անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներից հետո «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, որ հանրաքվեն կեղծվել է, ու կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում պահանջեց Սեյրան Օհանյանի հրաժարականը՝ ասելով, որ` «Ս. Օհանյանն ակտիվորեն մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով ՀՀ հպարտություն հանդիսացող զինվորներին՝ պարզ ուղղորդված, համատարած ստի, կեղծիքի քվեարկության»: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում նրանց համագործակցության արդյունավետությունը, ինչքանո՞վ կարող է այդ դաշինքը հանրության մոտ հավատ ներշնչել:

– Շատ գեղեցիկ օրինակ եք բերում, ճակատագրական խնդիրներ կան մեր առաջ, նույնիսկ այդ չափով իրարից հեռացած քաղաքական գործիչները կարող են հանուն Հայաստանի փրկության միավորվել: Այո, այն ժամանակ նա պահանջել է, բայց հիմա այնքան օրհասական է, որ ասում է՝ բոլորս պետք է դա անենք: Կարծում եմ՝ ձեր բերած օրինակը լավ օրինակ է, որ երեք բարիկադի տարբեր կողմերում գտնվող քաղաքական գործիչներն այսօր ձեռք են մեկնել իրար ու միասին ուզում են Հայաստանը հանել այս վիճակից: Դա ապացուցում է, որ լավ չի մեր վիճակը, որ մարդիկ նույնիսկ դա են մոռանում, և նաև գեղեցիկ է, որ իրար ներում են:

– Արդյոք ներո՞ւմ են, թե՞..

– Ձևե՞ր են թափում: Այդ չափի դերասանությո՞ւն:  Ուրեմն՝ կա՛մ ներել են, կա՛մ տաղանդավոր դերասան են: Երկուսն էլ դրական է:

Տեսանյութեր

Լրահոս