Ովքե՞ր են քաղաքացիական գործերով տարվա լավագույն դատավորները
Փետրվարի 10-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ:
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ժողովի ընթացքում մրցանակներ են շնորհվել «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում:
ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությանից հայտնում են, որ դեռևս 2009թ. փետրվարի 19-ին Ժողովի որոշմամբ՝ դատավորների գործունեությունը խրախուսելու նպատակով սահմանվել են «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» մրցանակները:
Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2017 թվականի փետրվարի 2-ի թիվ 03Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը:
Այսպիսով, 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝
Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի դատավորներ Գոռ Թորոսյանը և Անի Մխիթարյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը:
Քրեական գործեր քննող դատավորներից՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Վարչական դատարանից լավագույն ցուցանիշներ են գրանցել դատավորներ՝ Կարեն Ավետիսյանը, Լիանա Հակոբյանը, Արման Թովմասյանը, Անի Հարությունյանը, Գրիգոր Առաքելյանը, սակայն, Վարչական դատարանի նախագահի և կոլեկտիվի առաջարկությամբ, հանձնաժողովը որոշել է մրցանակը շնորհել լավագույն հնգյակին և այն հանձնել դատարանի նախագահին:
2016 թվականի «Տարվա լավագույն դատարան» են ճանաչվել Արաբկիր և Քանաքեռ –Ձեյթուն վարչական շրջանների և Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները: