Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային  ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ճանաչել անհետաձգելի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում ևս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն: Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու և վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները: Նախատեսվում է նաև, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս