«Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել». Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչ
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում կատարելով Հայաստանի ոստիկանությանը, հայտնել էին, թե Ալեքանդր Լապշինն «Ինտերպոլի» հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել:
«Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ և ձերբակալվել է՝ համապատասխան այն համաձայնագրերի, որոնք գործում են ԱՊՀ անդամ պետությունների միջև»,- հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
Որպես Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հիմք՝ Բելառուսի դատախազությունը ներկայացրել էր «Ինտերպոլի» կողմից հետախուզում հայտարարելը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: