Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը խիստ մտահոգիչ է համարել Լապշինի ձերբակալությունն ու արտահանձնումը
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին.
«Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի:
Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների եւ լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից եւ այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով: Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման: Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար. այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները:
Վերը նշվածից բացի, Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու իրական հնարավորության պատճառով: Ա. Լապշինի նկատմամբ վատ վերաբերմունքի ակնհայտ վկայություն է այն, որ նրա ձերբակալումը եւ մեկ այլ տարածաշրջան տեղափոխելը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով՝ ձեռնաշղթայված, բերման ենթարկելը դիմակավորված եւ զինված զինվորականների կողմից: Լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:
Հատկապես անհանգստացնող է այն, որ որոշ լրագրողներից արդեն իսկ ստացվող մի շարք տեղեկությունների համաձայն՝ որոշ անձինք նամակներ են ուղարկում լրագրողների՝ սպառնալով հետապնդման ենթարկել նրանց իրենց լրագրողական գործունեության համար: Անընդունելի է օգտագործել այս անթույլատրելի քայլը արհեստական հետապնդումների եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավունքների ոտնահարման նպատակով:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը ողջունում է ցանկացած տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում եւ այլ տարածաշրջաններում խոսքի ազատությունը պաշտպանող արձագանքները, որոնք արդեն իսկ արվել են ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների հարցրեով հատուկ ներկայացուցչի, եվրոպական առանձին պաշտոնյաների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ անթույլատրելի պրակտիկան կանխելու համար այն պետք է հակադարձվի խիստ դատապարտմամբ»:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտ