««Հայկական վերածնունդի» և նրա առաջնորդի որևէ խոսք այդպես էլ գործ չդարձավ»
«Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարական միության նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին: Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունում տիրող գաղջ մթնոլորտի մասին` հայտնելով, որ չի կարող շարունակել անդամակցությունն այդ կուսակցությանը:
«Սիրելի հայրենակիցներ, նախկինում լինելով Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության նախագահը` ես եւ իմ գործընկերները մշտապես կողմ ենք եղել քաղաքական դաշտում գաղափարակիցների եւ համախոհների համախմբմանը։ 2015թ. հունիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների հետ ես եղել եմ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիրներից և որպես հիմնադիր՝ ես և իմ քաղաքական թիմը լծվեցինք նոր կառույցի կազմավորման աշխատանքներին:
Այսօր ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես և իմ թիմակիցները սխալվել ենք, երբ միամտորեն հավատում էինք, որ մաս ենք կազմում ժողովրդական պահանջ ունեցող ուժի եւ գործընթացի։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր։ «Հայկական վերածնունդի» եւ նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ ու ակնհայտ է, որ երբևէ չի դառնալու»,- ասված է հայտարարության մեջ։
Դավիթ Հարությունյանը հավելել է, որ համատեղ անցած ճանապարհը իրեն թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ «Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ և գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդ»-ում, խաբեության և ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու և մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլևս անհամատեղելի են դարձնում իմ և իմ թիմի ներկայությունը «Հայկական վերածնունդ»-ում։
Ուստի, պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս կուսակցությունից, հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվում եմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծ ներդրումն եմ ունեցել ՀՎԿ-ի ձևավորման և կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Հարությունյանը գիտակցում է, որ իր այս քայլով արժանանալու է ոմանց քննադատությանն ու մեղադրանքներին, բայց վստահորեն կարող է ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինում եղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն և հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ։
«Ես և իմ ընկերները ընտրել ենք արժանապատվության ճանապարհը։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի ապագայի համար, մենք կարող ուժ ենք եւ առաջիկայում կհայտարարենք, թե որ քաղաքական ուժին ենք սատարում»,- եզրափակել է Դավիթ Հարությունյանը: