Բաժիններ՝

Բելառուսի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանից հնչող հայտարարությունների մասին

ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և հայտարարելով, թե «Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները», մեկնաբանել է նաև հայկական կողմի հայտարարությունները՝ մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության հետ։

«Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությանը մասնակցելը կամ չմասնակցելը կրում է խիստ կամավոր բնույթ ու հանդիսանում է այս կամ այն պետության ինքնիշխան ընտրությունը։

Ինչպես գիտեք, Բելառուսը արել է իր ընտրությունը։ ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու մասին առաջարկությունները զուրկ են որևէ իրավական հիմքից»,- հայտարարել է Միրոնչիկը։

Ինչ վերաբերում է ռուս-բելառուսական հարաբերություններին, ապա Միրոնչիկը ասել է, որ վերջին շրջանում «կողմերի միջև որոշակի տարբերություններ են ծագել երկկողմ օրակարգի արդիական հարցերի լուծման ուղիների ընկալման վերաբերյալ»։

«Այդուհանդերձ, ցանկանում եմ ընդգծել, որ Բելառուսի ԱԳՆ-ն վերահաստատում է մեր անփոփոխ հանձնառությունը Ռուսաստանի հետ բարեկամական, միութենական հարաբերություններին և հաշվարկում է պատասխան կառուցողական մոտեցում՝ խնդրահարույց պահերը հանգուցալուծելու համար»,- հայտարարել է Միրոնչիկը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքու արտահանձնելու փաստին, հայտարարել է, որ «մենք պետք է բարձրացնենք հարցը, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։

Ըստ News.am-ի՝ նա մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Միանում ենք մեր բոլոր գործընկերների բարձրացրած առաջարկություններին: Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են: Այս պարագայում տեղի է ունեցել պարզ մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Բնականաբար, պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ-ի անդամ երկրի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ:

Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Մեր դիրքորոշումը սա է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս