Բաժիններ՝

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և էկոնոմիկայի նախարարության գործառույթներում «նակլադկա» կա

«Հունվարի 12-ին բացեցիք Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: ԾԻԳ-երը փակեցիք, որ չկրկնեն նախարարությունների ֆունկցիաները, բայց այս կենտրոնի դեպքում նույն խնդիրն է առաջանում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ համեմատել է կենտրոնի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության գործառույթները և դրանք մեկը մեկին կրկնվում են:

«Դուք Կարայանին չեք վստահո՞ւմ, բայց այդպիսի բան, կարծում եմ, չպետք է լինի: Ո՞րն է նորը, որ էկոնոմիկայի նախարարության մեջ չկա»,- հարցրեց Մանուկյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե ռազմավարական հետազոտությունների կենտրոնի անվան մեջ կա, թե ինչ են նախաձեռնում, կենտրոնը պետություն-մասնավոր հատվածի համագործակցություն է, որի հոգաբարձուների խորհրդում 6-ը սփյուռքահայեր են: Ըստ նրա` առաջին բարեփոխումը վերաբերում է հարկային-մաքսային ոլորտին, դատաիրավական համակարգին. «Դա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությա՞ն գործառույթն է: Կարծում եմ, որ ոչ»:

Կ.Կարապետյանի խոսքով` այդ հարթակում բոլոր անհանգիստ, գաղափարներ գեներացնող մարդիկ կարող են առաջարկություններ տալ:

Ա.Մանուկյանը պնդեց, որ «նակլադկա» կա, մասնավորապես, ներդրումների մասով գործառույթը կրկնվում է:

Կ.Կարապետյանը հավաստիացրեց, որ նման կառույցներ ամբողջ աշխարհում կան, իսկ բյուջեի համար այն որևէ լրացուցիչ ծախս չէ, նաև գիտակ մարդկանց թույլ է տալիս հավաքվել մի հարթակում, որպիսին նախարարությունը չի կարող լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս