ԵԽ գլխավոր քարտուղարի պատասխան նամակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

2016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին և ստորագրվել 2017 թ. հունվարի 14-ին:

Օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպության գնահատականները հրապարակվել են 2016 թ. դեկտեմբերի 5-ին, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ իր Եզրակացությունն ընդունել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստում:

ԵԽ գլխավոր քարտուղարը իր նամակում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները և քարտուղարությունը, որոնց նույնպես ուղարկված է եղել Զեկույցը, «շատ օգտակար են համարել» այն: Միաժամանակ պարոն Թորբյորն Յագլանդը իր նամակում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովի  իր Եզրակացությամբ համարել է, որ  «օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարևոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել»:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում  կարևորում է Վենետիկի Հանձնաժողովի հետևյալ  հանձնարարականը. «ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար»:

Պարոն Թորբյորն Յագլանդն իր նամակում ուշադրություն է հրավիրում հաջորդ հանձնարարականի վրա. «օրինագծում ներառել հստակ սահմանված դրույթներ Պաշտպանի, Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի և Կանխարգելման ազգային մեխանիզմի գծով փորձագետների՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ասված կամ գրված խոսքերի, առաջարկությունների, որոշումների և բարեխղճորեն գործած այլ արարքների նկատմամբ պաշտոնեական անձեռնմխելիության վերաբերյալ»:

Ի վերջո, ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հանձնաժողովի մյուս հանձնարարականի կատարումը. «որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հնարավորություն ունենա ազատ մուտք գործել բոլոր մասնավոր և պետական հաստատություններ, որտեղ մարդկանց պահում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններ, և երաշխավորի այդ աշխատանքներում ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունը»:

Այսպիսով՝ ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հասցեագրված նամակում կարևորում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով հետևյալ խնդիրների լուծումը.

– մարդու իրավունքների պաշտպանի ընտրության «թափանցիկ մրցակցային» պահանջը, – մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական անձեռնմխելիության ապահովումը և

-Կանխարգելման ազգային մեխանիզմում հասրակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ մասնակցության ապահովումը:

Եվրոպայի Խորհուրդ Գլխավոր քարտուղար
Ստրասբուրգ, 6 փետրվարի 2017թ.
Պրն Արթուր Սաքունցին՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հարգելի՛ պարոն Սաքունց,

Շնորհակալություն «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի պատճենն ինձ ուղարկելու համար:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այդ զեկույցը Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովին ներկայացնելու համար, ինչից հետո այն պատրաստել է օրենքի նախագծի մասին Եզրակացություն, որն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստին:

Վենետիկի Հանձնաժողովի զեկուցողները և քարտուղարությունը շատ օգտակար են համարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցը նրանց ներկայացնելու համար:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Վենետիկի Հանձնաժողովն իր Եզրակացության մեջ նշել է, որ օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարևոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել: Այդ հանձնարարականներից է ապահովել մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար:

Վենետիկի Հանձնաժողովը հանձնարարել է նաև օրինագծում ներառել հստակ սահմանված դրույթներ Պաշտպանի, Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի և Կանխարգելման ազգային մեխանիզմի գծով փորձագետների՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ասված կամ գրված խոսքերի, առաջարկությունների, որոշումների և բարեխղճորեն գործած այլ արարքների նկատմամբ պաշտոնեական անձեռնմխելիության վերաբերյալ:

Բացի դրանից՝ Վենետիկի Հանձնաժողովը հանձնարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հնարավորություն ունենա ազատ մուտք գործելու բոլոր մասնավոր և պետական հաստատություններ, որտեղ մարդկանց պահում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններ, և երաշխավորի այդ աշխատանքներում ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս