Կրեմլը ներողություն է պահանջում «Պուտինը մարդասպան է» արտահայտության համար. «Ամերիկայի ձայն»

«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով ձեւակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում FOX News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին: Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին:

Սակայն, մի պահ հետ գնանք: Ահա Բիլ Օ՛Ռայլին հարցնում է Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահի վերաբերյալ, որին հետեւում է ԱՄՆ-ի նախագահի դիվանագիտական պատասխանը.

«Դուք հարգո՞ւմ եք Պուտինին»:

«Ես նրան հարգում եմ»:

«Իսկապե՞ս: Ինչո՞ւ»:

«Ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում: Դա չի նշանակում, որ ես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: Նա իր երկրի առաջնորդն է: Լավ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, քան վատ, եւ եթե Ռուսաստանն օգնի մեզ Դաեշի, իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, լավ է: Կստացվի՞՝ գաղափար չունեմ»:

«Բայց նա մարդասպան է: Պուտինը մարդասպան է»:

«Շատ են, շատ մարդասպաններ կան: Իսկ ինչ է, մեր երկիրն անմե՞ղ է»:

Հարցազրույցը բողոքներ է առաջացրել ինչպես Մոսկվայում, որտեղ դժգոհ են Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելու համար, այնպես էլ Վաշինգտոնում, որտեղ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից ոմանք քննադատել են Ամերիկային Պուտինի հետ համեմատելու որոշումը: Դրանց թվում էր Նեբրասկա նահանգը ներկայացնող սենատոր Բեն Սասսեն.

«Չի կարող լինել բարոյական հավասարություն աշխարհի պատմության մեջ ամենաազատասեր ազգի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Պուտինի շուրջ հավաքված մարդասպան ավազակների միջեւ»:

Ինքը՝ Վլադիմիր Պուտինը «մարդասպան» որակմանն անձամբ չի արձագանքել եւ անց է կացրել ավանդական հանդիպումներ իր թիմի անդամների հետ:

Տեսանյութեր

Լրահոս