«Պարզ չի՞, որ քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, մարմինդ է ուզում». Արամ Մանուկյան
Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը դեռ չի ավարտել ընտրացուցակների կազմման աշխատանքները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չբացահայտեց, թե ՀԱԿ-ի ցուցակը ե՞րբ վերջնական տեսքի կգա:
«Դա ինձ այնքան էլ չի հուզում: Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց նա:
Ա.Մանուկյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով. «Մեր հնամենի և հավատարիմ ՀԺԿ-ի հետ մենք կգնանք միասնական պայքարի: Մեր դաշինքը բաց է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք կհամաձայնեն առաջ գնալ մեր կողմից առաջ քաշված խաղաղության ծրագրով` կապված ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք այդ մասին հայտարարել ենք մեր համագումարի ժամանակ, և այստեղ մեխը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը, որը հստակ է, և դա խաղաղության ծրագիրն է: Եթե կլինեն ուժեր, որոնք կմիանան, իհարկե, լավ, որովհետև խնդիրը շատ ավելի մեծ է, կարևորը` շատ ավելի ակտուալ, քան այն ծրագրերը, որոնք ներկայացնում են կուսակցությունները»,- Ա.Մանուկյանը:
Ըստ նրա` խաղաղության ծրագիրն առայժմ առանձնանում է քաղաքական դաշտում, և այն շատ ավելի կարևոր է, քան պառլամենտական ընտրություններն են. «Սոցիալական, տնտեսական, հարկային ծրագրեր մենք էլ ունենք, բայց մեխը և դոմինանտն այս ընտրություններում մեր դաշինքի մեսիջն է` խաղաղության ծրագիրը»:
ՀԱԿ-ն ուսումնասիրել է նաև հասարակության կարծիքը, հաշվի է առել բոլոր մարտահրավերները և համարձակ գնում է ընտրությունների` ասելու ճշմնարտությունը: Ա.Մանուկյանը հիշեց, որ 90-ականներին իրենք և՛ հացի գին են բարձրացրել, և՛ ամենածանր խնդիրներն են ունեցել Ղարաբաղյան ճակատամարտում, երկրաշարժ, վերջին հաշվով, արել են բոլոր ռեֆորմները. «Մենք հասարակության մեջ 90 % մեծամասնություն չենք ունեցել: Բայց վիրաբույժը միշտ չի սիրելի հիվանդի համար, և միշտ կլինեն աղմուկ անողներ, թիմեր ղժղժացողներ: Վստահ եմ՝ հասարակությունը շատ լավ գիտի՝ ինչ է ուզում, ու կունենանք բավական համախոհներ հենց այս ծրագրի շուրջ»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ընտրական ցուցակներին` Ա.Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չունեն. «Մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ: Ես Արաբկիրում եմ առաջադրվելու, մարդիկ ինձ ճանաչում են: Իհարկե, գիտեմ, որ գումարային լավ ռեսուրսներ ունեն, և արդեն ունենք տեղեկություններ, որ փող են բաժանում, սոցիալական հարցեր են լուծում: Մի մեսիջ կարող եմ ուղղել ժողովրդին՝ նայեք՝ ով փող չի տալիս, ով խոստում չի տալիս, և ով է ասում դառը ճշմարտությունը: Մի քիչ եթե քաղաքացիները քաղաքականապես մոտենան խնդրին, կզգան, թե ում պիտի ձայն տան: Դա բացատրելու բան էլ չի: Պարզ չի՞, որ քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, մարմինդ է ուզում»:
Ա.Մանուկյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրերը, թե գործարար, ներկայումս՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն այս անգամ կհամագործակցի ՀԱԿ-ի հետ:
«Մանրամասների մեջ չեմ խորանա, որովհետև չեմ ցանկանում երկրորդել մեր այն մեծ մեսիջը, որով մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ: Դուք էլ փորձեք տրամադրվել այդպես: Ամենակարևորն է` ոչ թե ում հետ կգնան, այլ ում հետ չեն գնա»: