Բաժիններ՝

Գահակալման 65-ամյակի առթիվ հրապարակվել է Եղիսաբեթ Բ-ի լուսանկարը՝ շափյուղաներով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լուսանկարչական դիմանկարը, որը 2014 թվականին արել է լուսանկարիչ Դևիդ Բեյլին, կրկին հրապարակվել է նրա գահակալման 65-ամակի պատվին («շափյուղյա» հոբելյան), տեղեկացնում է BBC-ն:  Լուսանկարում թագուհին կրում է շափյուղյա զարդեր, որոնք 1947 թվականին Գևորգ VI թագավորը նրան է հանձնել որպես հարսանեկան նվեր:

Եղիսաբեթ Բ-ի պարանոցին մանյակ է՝ երկարավուն ձևի 16 շափյուղաներով՝ ընդելուզված ադամանդներով, իսկ ականջներին՝ նույն ոճի զույգ ականջօղեր: Ինչպես արդեն տեղեկացվել է, Եղիսաբեթ Բ թագուհին փետրվարի 6-ին նշում է գահակալման 65-ամյակը: Տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով ժամը 16:00-ին) թագուհու պատվին Լոնդոնի Գրին-պարկում թագավորական հրետանին կտա 41 թնդանոթային համազարկ:

Եղիսաբեթ Բ-ն գահ է բարձրացել 25 տարեկանում: 2015 թվականի սեպտեմբերին նա գերազանցել է գահին գտնվելու տևողության՝ Վիկտորյա թագուհու ռեկորդը, իսկ անցյալ տարվա ապրիլի 21-ին տոնել է իր 90-ամյակը: Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը (Ռամա IX-ը), Եղիսաբեթը դարձել է աշխարհի՝ ներկայում ապրող միապետերից ամենաերկարատև կառավարողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս