Բաժիններ՝

«Մենք առաջարկում ենք, որ անկախ հանձնաժողովի կազմը փոփոխվի». Արփինե Հովհաննիսյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրինագիծը նպաստելու է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կայացմանը։

Ըստ նախարարի՝ անբավարար է ինստիտուտը, դատապարտյալների զգալի մեծամասնության բողոքներից առաջինը պայմանական  վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ իրականացումն է կամ անբավարար հիմքերը, կամ իրենց համար անհասկանալի լինելը, թե ինչու է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատումը։

Ի թիվս այլ փոփոխությունների՝ Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ կարևորագույն փոփոխություններից է անկախ հանձնաժողովի կազմի հետ կապված դրույթը. «Այսօր քննադատության ճնշող մեծամասնությունը, որ հնչում է անկախ հանձնաժողովի նկատմամբ, դա նրանց կողմից ոչ մասնագիտացված վերաբերմունքի առկայությունն է։ Մենք առաջարկում ենք, որ այդ անկախ հանձնաժողովի կազմը փոփոխվի, և այդ հանձնաժողովի  կազմում ներկայացված  լինեն այլ ներկայացուցիչներ՝ հոգեբան, հոգեբույժ, սոցիալական աշխատող, կրիմինոլոգ, որպեսզի այն տեղեկատվության հիման վրա, որը կտրամադրվի, նրանք կարողանան ներկայացնել մասնագիտական եզրակացություն։ Դա կլինի մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական եզրակացություն։ Դա կգնա դատարան, ու դատարանը կորոշի անձին վաղաժամկետ ազատելու հարցը»։

Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ այս օրինագիծն իր բարենպաստ ազդեցությունն ունենալու է ոչ թե կոնկրետ ինչ-որ շրջանակի վրա, այլ առհասարակ դատապարտյալի համար վաղաժամկետ ազատման գործընթացն ամբողջությամբ կանխատեսելի է դարձնելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս