«Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի կա՛մ «Ելք» դաշինքի, կա՛մ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր տեղի ունեցած վարչության նիստի ժամանակ որոշել է, որ իրենք դաշինքով ենք մասնակցելու։

Վարչության նիստից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց, որ հիմա կուսակցությունը պաշտոնական պատվիրակություն է կազմել, որը պետք է բանակցի «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ։

Հարցին, թե ինչպիսի՞ն էր Զարուհի Փոստանջյանի տրամադրվածությունը՝ հաշվի առնելով, որ նա դեմ է դաշինքներին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն տիկին Փոստանջյանը, այլև այլ անձինք ևս եղել են, որ միայնակ մասնակցությանը կողմնակից են, բայց  խորհուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ էր դաշինքով մասնակցելուն»։

Նա նշեց, որ Զ. Փոստանջյանն այսօր էլ դեմ է խոսել դաշինքով մասնակցելուն, բայց ոչ միայն ինքը։

Դիտարկմանը, թե «Ժառանգությունն» ի սկզբանե Սեյրան Օհանյանի դաշինքի հետ էր բանակցում, և «Ելք»-ի մասին խոսք չէր գնում, Ա. Մարտիրոսյանը չհամաձայնեց. ««Ելք» դաշինքը, ըստ էության, կայացել է այս գրասենյակում, «Ժառանգությունն» ակտիվ մասնակցել է, բայց  հետո՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Միացյալ Նահանգներ գնալու հետ կապված, և մեր՝ ավելի լայն դաշինքով մասնակցելու ցանկության հետ կապված՝ քննարկումները դադարեցվեցին, մինչև պարոն Հովհաննիսյանը նորից վերադարձավ, ու քննարկումները նորից շարունակվեցին, դրա համար ձեր հարցադրումը, որ սկզբից նա կար, մյուսը՝ չկար, սխալ է, ի սկզբանե բոլորն են եղել»։

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ միայն ինքն է ոչ պաշտոնապես հանդիպել, Ր. Հովհաննիսյանը չի եղել. «Այդ դաշինքի հետ կապված պաշտոնական որևէ հարաբերություն չկա, այս պահի դրությամբ խորհուրդը որոշում է կայացրել՝ «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի դաշինքի հետ բանակցի»։ Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ ինքը պաշտոնական բանակցողներից է։

Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես թեկնածու, լինելո՞ւ է ձեր թեկնածուների շարքում, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել, բայց ենթադրվում է, որ կլինի։

Տեսանյութեր

Լրահոս