Կոռուպցիայի դեմ պայքարն ու իրավունքի գերակայությունը մեր ուշադրության կենտրոնում են, որպեսզի ՀՀ-ն բավարարի ՀՄԿ-ի չափորոշիչներին. Ռիչարդ Միլս
Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) ծրագրի ուղղությամբ առաջին քայլն այն է, որ Հայաստանը համապատասխանի ՀՄԿ չափորոշիչներին. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Սա է պատճառը, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու իրավունքի գերակայությունը մեր ուշադրության կենտրոնում են, որպեսզի Հայաստանը բավարարի այդ չափորոշիչներին, իսկ ապրիլին կայանալիք ընտրությունների ազատ ու արդարացի լինելը մեծ փորձություն է այդ ճանապարհին:
Այս քայլերի արդյունքում, եթե անգամ Հայաստանում ՀՄԿ նոր ծրագիր չմեկնարկի, միևնույն է՝ Հայաստանը դրա համար առավել նպաստավոր դիրքերում կհայտնվի: Ողջունում եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի շահագրգիռ մոտեցումն այս հարցերին»,- նշված է պատասխանում:
Դեսպանի դիտարկմամբ՝ առանց Հայաստանում գրավիչ գործարար միջավայրի, կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրն առայժմ ուղղակի անհարկի քայլ կլինի:
«Սա է պատճառը, որ դեսպանությունն իր ուշադրությունը բևեռում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ իրավունքի գերակայությունը, մաքսային բարեփոխումները և օտարերկրացի ներդրողների համար խաղի հավասար պայմանների ապահովումը: Առայժմ չկան լուրջ փաստարկներ, որ որևէ ամերիկյան ներդրում չի կատարվել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայության պատճառով: Եթե նման դեպքեր գիտեք, մենք կուզենայինք տեղեկանալ դրանց մասին»,- գրված է պատասխանում:
Ըստ Ռիչարդ Միլսի՝ ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են բաց երկնքի քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան:
«Սրա շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը աճել է 12 տոկոսով, և տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել: Այժմ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի նոր երթուղիների ձևավորման բիզնես առաջարկների ուղղությամբ: Դեսպանատունը նորովի շեշտադրմամբ աջակցում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին, դրանով իսկ ապահովելով տնտեսական հիմնավորումներ, իսկ ամերիկյան մասնավոր ընկերություններն իրենք են ընդունում իրենց բիզնես որոշումները»,- այսպես է ավարտել իր պատասխանը դեսպանը: