«Բելառուսն անհրաժեշտ չի համարում երկրում ՌԴ ռազմաբազայի հիմնումը». Լուկաշենկո
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի հիմնումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
«Ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմական տեսանկյունից այդ բազան։ Այն այստեղ պետք չէ։ Այդ բազան և ինքնաթիռները, որոնք նրանք (ՌԴ) ցանկանում են այստեղ ունենալ, ցուցադրություն են»,- ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ նպատակահարմար է համարում Ռուսաստանի կողմից Բելառուսին ռազմական ինքնաթիռների փոխանցումը՝ ավիաբազայի շինարարության փոխարեն:
«Մենք հրաշալի օդաչուներ ունենք, հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ, չէ՞ որ մենք միասնական խմբավորում ենք»,- ասել է Բելառուսի նախագահը:
2015թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր պաշտպանության նախարարությունը ԱԳՆ-ի մասնակցությամբ բելառուսական կողմի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն բազա հիմնելու նպատակով։