«Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան». Դեսպան Միլզ

«Շարունակում են ԼՂ խաղաղ կարգավորումը դիտարկել՝ որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց»,- այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը՝ ամփոփելով դեսպանատան 15 ամիսների գործունեությունը, ծրագրերն և ուղեգծերը, նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Հիշեցնենք, որ նմանատիպ ելույթով դեսպան Միլզը հանդես էր եկել 15 ամիս առաջ՝ նախանշելով դեսպանատան համար կարևոր գերակա չորս ուղղությունները:

Նա նշեց, որ 25 տարի առաջ այս օրն էր, երբ ԱՄՆ-ը բացեց իր դիվանագիտական առաքելությունը նորանկախ Հայաստանում: Դեսպանն ասաց, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում  ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են ՀՀ քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունը ողբերգական  իրավիճակներում:

Նրա խոսքով՝ այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ դարձավ, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, և թե Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն  ուղղվում մեր ընդհանուր նպատակներին և այն գերակա ուղղություններին, որ ինքը և դեսպանատունը սահմանել են իրենց համար:

«Օրինակ` ԼՂ կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,- ասաց դեսպան Միլզը:

Նա ընդգծեց, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և ինքն անձամբ, աշխատելով Մինսկի խմբի նոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են ԼՂ խաղաղ կարգավորումը դիտարկել՝ որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց: Նախաբանի խոսքից հետո դեսպան Միլզն անդրադարձավ իր սահմանած գերակա չորս ուղղությունների ուղղությամբ իրականացված աշխատանքին՝ հնչեցնելով հստակ գնահատականներ և նախանշելով դեսպանատան ծրագրերն ապագայի համար:

Նշենք, որ դեսպան Միլզի առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Երկրորդ գերակա խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարում հայաստանյան գործընկերների հետ գործակցությունն էր: Երրորդը`  ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը Հայաստանում: Եվ վերջին՝ չորրորդ գերակայությունը` հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականության առավել հանգամանալի ներկայացումը:

Դեսպան Միլզի ելույթի մանրամասներին ծանոթանալ քիչ ուշ:

Տեսանյութեր

Լրահոս