Իտալիայում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել «Շոայի հիշողությունից մինչև մեր ժամանակների ազգերի առաքյալները» գիտաժողովում

Հունվարի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն Իտալիայի պատգամավորների պալատում մասնակցել է «Շոայի հիշողությունից մինչև մեր ժամանակների ազգերի առաքյալները» գիտաժողովին: Այն կազմակերպել էին «GARIWO» (Garden of Righteous People) հասարակական կազմակերպությունը և «Democrazia Solidale» կուսակցությունը:

Գիտաժողովին ողջույնի խոսքով և ելույթներով հանդես են եկել պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին (Marina Sereni), Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի հրեական համայնքի նախագահ Նոեմի Դի Սենյին (Noemi Di Segni), պատգամավորներ Էմանուելե Ֆիանոն (Emanuele Fiano), Միլենա Սանտերինին (Milena Santerini), «GARIWO»-ի նախագահ Գաբրիելե Նիսիմը (Gabriele Nissim) և այլոք:

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր խոսքում մեծապես կարևորել է բոլոր այն անհատների՝ մտավորականների, գիտնականների, քաղաքական գործիչների և սովորական մարդկանց մասին հիշողության պահպանումը, ովքեր իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են ուրիշների կյանքը: Այդ կապակցությամբ նա կարևորեց «GARIWO» կազմակերպության առաքելությունը՝ բացահայտելու բոլոր ազգերի «առաքյալներին», ովքեր Հոլոքոստի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկեցին: Դեսպանը նշել է, որ նրանց թվում կային նաև հայեր, որոնց անունները տեղ են գտել Երուսաղեմի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարան-ինստիտուտի «Ազգերի առաքյալների» ցանկում, և հայ ժողովուրդը նույնպես վառ է պահում հիշողությունը բոլոր այն անձանց մասին, ովքեր ցեղասպանության տարիներին օգնության ձեռք մեկնեցին հայերին և տարիներ շարունակ բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության մասին:

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս հիմնասյուներից մեկը հենց երախտագիտություն էր բոլոր նրանց հանդեպ, ովքեր անտեսելով բոլոր դժվարությունները, կանգնեցին ու շարունակում են կանգնել հայ ժողովրդի կողքին:

Հայաստանի դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ նշելով, որ այն հիմնվել է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների և որն իր գործունեության կարևոր ուղղություններից մեկն է համարում բացահայտելու մերօրյա «առաքյալներին», ովքեր բացառիկ դեր են կատարում մարդկային կյանքերի պահպանման, փրկության և մարդասիրության հարցերում։

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը խոսել է նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքների, այդ թվում` միջազգային գիտաժողովների կազմակերպման, ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևերի հեղինակման, ինչպես նաև Հայաստանի կողմից ներկայացված բանաձևի հիման վրա դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին:

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ ու սենատորներ, իտալացի հասարակական ու քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հունվարի 27-ին դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն այցելել է Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրեց՝ ի հարգանք Հոլոքոստի զոհերի հիշատակի:

Տեսանյութեր

Լրահոս