«Եթե Մշտական խորհուրդը որոշել է, Սանկտ Պետերբուրգում ՀՀ թեկնածուն կստանձնի ՀԱՊԿ քարտուղարությունը». Եվսեև

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի շուրջ տևական տարաձայնությունը մեծ հարված կդառնար ՀԱՊԿ իմիջի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Մշտական խորհրդի «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ ՀԱՊԿ ռոտացիոն կարգի համաձայն՝ հաջորդ երկիրը Հայաստանն է, հետևաբար՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Նախագիծը կքննարկվի ՀԱՊԿ գագաթաժողովում: 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ կազմակերպության գագաթաժողովը կայանալու է 2017 թվականի ապրիլին:

Նա նշեց, որ այս որոշման կայացումը ձգձգվեց արդեն հայտնի տարաձայնությունների և շահերի բախման հետևանքով, որոնք հաջողվեց կարգավորել՝ դատելով այս որոշման կայացման փաստից: Ըստ նրա, եթե կա որոշում, ապա այն կվավերացվի Սանկտ Պետերբուրգում նախատեսվող գագաթաժողովի ժամանակ, քանի որ այն Մշտական խորհրդի շրջանակում նախնական համաձայնության է արժանացել, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն այս հարցի շուրջ փոխզիջման են եկել:

«Հարցն այն է, որ այս հարցի շուրջ տևական տարաձայնությունը մեծ հարված կդառնար ՀԱՊԿ իմիջի համար, որն այդքան էլ բարձր չէ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր, ժամանակ առ ժամանակ հակասող շահերը:

Սակայն, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունեցող երկրներին հաջողվել է հասկացնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իրականացնելու է իրեն վերապահված գործառույթները՝ այդ պաշտոնը չօգտագործելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ին ներգրավելու համար, քանի որ ՀԱՊԿ-ն դրանով չի զբաղվում:

ՀԱՊԿ-ն, ինչպես բազմիցս եմ նշել, կարող է որոշում կայացնել՝ ՀՀ-ի դիմումի դեպքում միջամտել Հայաստանի, Հայաստանի սահմանների նկատմամբ սպառնալիքի դեպքում: Եթե հիշում եք, Բորդյուժան անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիային, որը երբեք ՀԱՊԿ-ն չէր արել, հատկապես, երբ խոսքը դեռևս չպարզված հանգամանքներում միջադեպի մասին է: Այսինքն` կա ցանկություն՝ վերանայել ՀԱՊԿ-ի գործունեությունը, որոշ նրբերանգներ մտցնել»,- ասաց Եվսեևը:

Վերջինս բացառեց, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կրկին համաձայնության չեն գա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս