Սերժ Սարգսյանը բանակի 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է շուրջ 200 ազատամարտիկների և զինվորականների
ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների:
Նրանք պարգևատրվել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անմնացորդ նվիրումի, բանակաշինության և մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար: Շնորհվել են նաև զինվորական կոչումներ։
Պարգևների մի մասը ՀՀ նախագահը հանձնեց նախագահական նստավայրում ՀՀ բանակի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։
Բանակաշինության և զորքերի մարտական պատրաստականության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։
Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության, անմնացորդ նվիրումի համար գնդապետ Կարեն Շաքարյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
ՀՀ ՊՆ N զորամասի սպա, գնդապետ Դանիել Բալայանը ստացավ գեներալմայորի զինվորական կոչում։ «Արիության» մեդալով պարգևատրվել են գնդապետ Սամվել Սարգսյանը, փոխգնդապետ Կարեն Ծատրյանը, Կապիտան Միքայել Մանուշյանը,
սերժանտ Դմիտրի Մադյանը։
Զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած մեծ ավանդի համար գնդապետ Ռաֆիկ Հակոբյանը պարգևատրվեց «Հայրենիքն մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Հունվարի 28-ը ՀՀ բանակի օրն է. այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: