«Լավատես եմ, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդրին ընդունելի լուծում կգտնվի». Սվիտալսկի

«Ընտրողների նույնականացման տեխնոլոգիան շուտով կհասնի Հայաստան, կփորձարկվի՝ փետրվարին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման և առցանց հեռարձակման հետ կապված խնդիրներին։

Հիշեցնենք, որ ընդդիմության և իշխանությունների միջև երկար բանակցությունների արդյունքում ապրիլի 2-ի նորամուծությունը պետք է լինի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, որոնք ուղիղ եթերով կցուցադրեն ընտրությունների ընթացքը։ Սակայն մտավախություններ կան, որ իշխանությունները կխախտեն պայմանավորվածությունը, հաշվի առնելով տեսախիցկների տեղադրման մրցույթին մասնակցող միակ ընկերության առաջարկած բարձր գինն իր ծառայությունների մատուցման համար։

Դեսպան Սվիտալսկին տեղեկացրեց, որ անցյալ ամիս շատ մեծ ճնշում կար շահագրգիռ բոլոր կողմերի նկատմամբ՝ դոնորների, ՀՀ կառավարության, ինչպես նաև՝ իրագործող կառույցի, որպեսզի այդ պայմանավորվածությունն իսկապես  կյանքի կոչվի, քանի որ խոսքը  մի շատ համալիր, բարդ գործընթացի մասին է, որը  պետք է իրականացվի շատ կարճ ժամկետում։

«Կարող եմ շատ մեծ գոհունակությամբ  մեկ բան նշել՝ 2016թ. վերջին ամիսը  նշանավորվեց շատ հաջող  ջանքերով։ Այն մասը, որը վերաբերում է  ընտրողների նույնականացման տեխնոլոգիային, շատ արդյունավետորեն  վերցրեց և ի կատար ածեց  ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, դոնորների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, ՀՀ կառավարության խոստացած և ներդրած գումարներն  այդ փաթեթի մեջ ներառվեցին, որպեսզի այն ամենը, ինչ նախատեսվել է ըստ հավուր պատշաճի  ի կատար ածելու համար, ի կատար ածվի, թեև գործընթացն ընդհանուր առմամբ շատ բարդ է զուտ ընթացակարգերի տեսանկյունից, անհրաժեշտ  ֆինանսավորման պահանջների տեսանկյունից։

Շատ բազմազբաղ շրջան է եղել, առանց Կառավարության մեր գործընկերների՝ մենք  ի վիճակի չէինք լինի, որպես ԵՄ, գումարը ԵՄ-ի կողմից փոխանցել, և ես կարծում եմ,  շարունակելով լիահույս լինել, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան շուտով կհասնի Հայաստան, կփորձարկվի այն փետրվարին։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մեր գործընկերները հիանալի գործ են անում, որպեսզի ամենը պատրաստ  լինի քվեարկության օրվա համար։

Ընտրական պայմանավորվածության հաջորդ մասը տեսախցիկների մասն է, քննարկումը շարունակվում է, քանի որ փաստ է, որ հայտատուն՝ մրցույթի մասնակիցը, առաջարկել է շատ պահանջկոտ չափանիշերի դիմաց  գին, չափանիշեր, որոնք  չափազանց մեծ են, առկա ֆինանսավորումը հաշվի առնելով։

Սակայն ես կարող եմ ասել, որ ես  չափավոր լավատես եմ, որ  լուծում կգտնվի  ընկերության համաձայնությամբ, կգտնվի ընդունելի, գոհացուցիչ լուծում։ Դոնորի տեսանկյունից մենք կոչ կանեինք, որպեսզի խելամիտ փոխզիջում գտնվի։ Թերևս, չի կարող լինել լուծում, որը բոլոր շահագրգիռ կողմերի համար գոհացուցիչ կլինի, սակայն  մենք, լինելով ԵՄ, քաջալերում ենք  շահագրգիռ կողմերին, որպեսզի  խելամիտ կոմպրոմիսի տարբերակ համաձայնեցնեն, և լիահույս ենք, որ այդ համաձայնությունը թույլ կտա, որպեսզի համաձայնագրի մյուս մասերը  ևս ի կատար ածվեն»,- մանրամասնեց դեսպան Սվիտալսկին։

Տեսանյութեր

Լրահոս