Սև ծովում հայտնաբերվել են ռուսական ինքնաթիռի զոհերի մարմինները
Սև ծովում ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են զոհերի մարմիններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Սոչիի ափից 6 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է «Տու-154» ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածներից մեկի մարմինը: Մարմինը բարձրացվել է փրկարարական օդանավի վրա»,- ասել է նա:
Արտակարգ ծառայությունները նշել են, որ հայտնաբերվել է մի քանի մարմին: Իրավապահ մարմիններում մեկ այլ աղբյուր էլ հայտնել է 1 զոհի մարմնի և ուղևորների մի շարք փաստաթղթերի հայտնաբերման մասին:
ՌԴ ՊՆ-ի ճշտված տեղեկությունների համաձայն՝ «Տու-154»-ում եղել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, այդ թվում՝ նաև Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները, 8 զինծառայող, նաև ռուսական «Առաջին ալիքի», НТВ և «Զվեզդա» հեռուստաալիքի 3-ական լրագրողներ:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան:
Ավելի վաղ Սև ծովում հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի շասսիի բեկորները, որոնք հայտնաբերվել էին Սոչիի ափերից 6 կմ հեռավորության վրա: