Ադրբեջանում բանկային սկանդալ է. «Նեզավիսիմայա գազետա»
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարության տնտեսական բլոկի անդամներին 15 օրվա ընթացքում նախապատրաստել երկրի ֆինանսական կայունության վերականգնմանը ուղղված միջոցառումների ծրագիր։
Պատճառը, որը դրդել է Ալիևին միջամտել ստեղծված իրավիճակին, արժութային շուկայում առաջացած աժիոտաժն է, այն է՝ առանձին բանկերի կողմից օտարերկրյա արժույթով գործողությունների կասեցումը։ Դա հարուցել է երկրում սև շուկայի ակտիվացում։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վահիդ Ահմեդովի խոսքով՝ Ֆինանսական կայունության խորհուրդն ինտենսիվ կերպով աշխատում է պլանի մշակման վրա։ Գործընթացին միացել են իրավապահ մարմիններն ու Ֆինանսական շուկաների հսկողության հարցող պալատը, որոնք ակտիվ քայլեր են ձեռնարկում արժութային սև շուկայի աշխուժացումը կասեցնելու նպատակով։
«Արդյունքում՝ վերջին 2 օրում սև շուկան չի գործել։ Դոլար չեն վաճառել նաև բանկերը»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։
Մինչ այդ, իշխանությունների կողմից անցկացրած հետաքննությունը պարզել է, որ որոշ բանկերի ղեկավարներ դոլար են մատակարարել «սև շուկային»՝ հավելյալ եկամուտ ապահովելու նպատակով։
Բանկային ոլորտում իսկական սենսացիա է դարձել «Մեժբանկի» կառավարման խորհրդի նախագահ Էլմար Մամեդովի պաշտոնանկությունը դիտորդական խորհրդի կողմից:
haqqin.az-ի տվյալով՝ Մամեդովը ձերբակալվել ու հարցաքննվել է երկրում դոլարի անբավարարության շուրջ արհեստական սպեկուլյացիաների մեղադրանքով։
Մինչ այդ, ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով ադրբեջանական իշխանությունները որոշել են անցնել մանաթի լողացող փոխարժեքի։